ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«ՈՒ ես կդառնամ Հայաստանի Հանրապետության նախագահ»

«ՈՒ ես կդառնամ Հայաստանի Հանրապետության նախագահ»
27.07.2012 | 04:01

«Իրատես de facto»-ի հարցազրույցը էպոսագետ ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ հետ:

-Պարոն Սեդրակյան, քաղաքականությունը հնարավորի արվեստ է, աշխարհում առաջին հայտնի մասնագիտությունից հետո երկրորդ արհեստը: Դուք պատրաստվում եք մտնել մեծ քաղաքականություն և տիեզերական կարգը իջեցնել քաղաքականության վրա` առաջադրվելով նախագահի թեկնածու: Այո՞:
-Նախ, ես համաձայն չեմ այն մտքին, որ քաղաքականությունը երկրորդ «հայտնի» մասնագիտությունն է` առաջինից հետո. դա ընդունված է այն շրջանակների կողմից, որոնք իրենց էությամբ են այդպիսին: Ապա և, ես ցանկանում եմ արդարության տիեզերական օրենքները վերահաստատել Հայաստանում և առաջինը չեմ, որ դա անում եմ. Հայաստանն ու հայկական պետությունը միշտ են այդպես գործել:
-Փոքր-ինչ ուտոպիկ չէ՞ Ձեր մոտեցումը: Տիեզերական արժեհամակարգն ու պրագմատիկ քաղաքականությունն ինչպե՞ս կարող են արժեհամակարգ կազմել: Տեսեք` մասոնական փիլիսոփայությունը` դարերի մեջ, իր «լուչեզարնայա դելտայով», մնացյալ առանձնահատկություններով, երկնքի բռնադատմամբ երկիրը վերցնելով գոյեց, սակայն դրանից մարդն ու աշխարհը հե՛չ լավը չդարձան:
-Եթե առաջնորդվենք այն փիլիսոփայությամբ, թե տարբեր աղանդներ, տարբեր քաղաքական կաստաներ ինչ են ասել կամ արել, «տեղ» չենք հասնի: Ես առաջնորդվում եմ «Սասնա ծռեր» էպոսով և գիտեմ, որ այդ օրենքները Հայաստանում գործել են միշտ:
-Բոլոր դեպքերում, պարոն Սեդրակյան, վերջին շրջանում Ձեր մտքերին հետևելիս, հանգում ես եզրակացության, որ Դուք մեր հյուսիսային հարևանի` Ռուսաստանի նկատմամբ առանձնապես «անտարբեր» չեք, մեր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ վերաբերմունքը նո՞ւյնպես «Սասնա ծռերից» է գալիս:
-Մեր հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի, այլև Պարսկաստանի և մնացածների հետ պարզ արտահայտված են մեր դիցաբանությունում, ինչպես նաև այդ երկրների դիցաբանություններում, այդ ամենում արտառոց ոչինչ չկա:
-Շատերն ուզում են հասկանալ, իմանալ` «ո՞ւմ» կարող են տեսնել Ձեր հետևում: «Քաղաքագիտորեն» ասած` «որո՞ւ աղջկան կարդանք Ձեր նամակները»: Մի խոսքով, ո՞ւմ ականջներն են երևում Ձեր հետևում: Որովհետև մեծ քաղաքականության մեջ այլ կերպ չի լինում:
-Դուք կրկին առաջնորդվում եք ստերեոտիպով, երևի ձեր մասոններն են այդպես սովորեցրել: Ես նորից եմ կրկնում` առաջնորդվում եմ հայոց «Սասնա ծռեր» էպոսով: Երբեք որևէ կուսակցության անդամ չեմ եղել, որևէ պետական պաշտոն չեմ զբաղեցրել և առաջիկայում, երբ սկսեմ իմ քաղաքական պայքարը, մարդիկ իմ կողքին կտեսնեն միայն «Սասնա ծռեր» էպոսի հերոսներին, եթե նրանց երրորդ աչքը բացվի:
-Մեկ քաղաքական հարց ևս, որից հետո ես «կբացեմ» երրորդ աչքս ու «կգնանք» տիեզերք. ինչպե՞ս եք վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին:
-Որպես մարդու-անհատի, նրա հետ ծանոթ չեմ, ուստի չեմ կարող ո՛չ լավ, ո՛չ վատ որևէ բան ասել: Որպես քաղաքական գործիչ, առժամանակ առաջ արդեն իսկ նկատել եմ. հայ ժողովուրդը հարցեր ունի` ուղղված Ռոբերտ Քոչարյանին, կապված մարտի մեկի հետ, քանի դեռ նա չի տվել այդ հարցերի պատասխանները, երբ ինքը եղել է գերագույն գլխավոր հրամանատարը, ու կրակ է բացվել ժողովրդի վրա (միգուցե ինքը տեղյակ չէ՞. չեմ ասում, թե անպայման ինքն է հրամայել), բայց, միևնույն է, հարցը մնում է բաց, քանի դեռ հարցի պատասխանը չկա, քաղաքական, առավել ևս պետական պաշտոնյայի նկատմամբ իմ վերաբերմունքը բացասական է:
-Վարդան, հիշո՞ւմ եք «մարտյան իդոսները», որի մասին մենք խոսել էինք տարիներ առաջ` կապված հոկտեմբերի 27-ի հետ:
-Իհարկե, հիշում եմ: Իսկ Դուք հիշո՞ւմ եք, որ հոկտեմբերի 27-ից հետո Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդները հայտարարեցին, որ իրենք Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին չեն մեղադրում որևէ բանի մեջ, վերջիններս պարզապես իրենց պարտականությունները չեն կատարել:
-Մեր այդ հարցազրույցում ասել էիր նաև, որ շուտով Փոքր Մհերը գալու է. եկե՞լ է:
-Հիմա էլ եմ այդ կարծիքին և կարծում եմ, որ գործընթացները հանգեցնելու են նրան, որ Հայաստանի Հանրապետության գործող և նախկին նախագահները մեկ ընդհանուր թեկնածուի շուրջ, որը չի ունենալու քաղաքական անցյալ, պայմանավորվելու և նրան առաջադրելու են նախագահի պաշտոնում:
-Վարդան, ստացվեց, որ դա Դո՛ւք եք:
-Ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը: Սպասվող գործընթացները կհանգեն այնպիսի մի կետի, որ երեք նախագահներն էլ կհաշտվեն իրողությունների հետ, ու ես կդառնամ Հայաստանի Հանրապետության նախագահ:
-Իսկ եթե այդպես չեղա՞վ:
-Երեք նախագահներն էլ այսօր գտնվում են քաղաքական այնպիսի խոր փակուղու մեջ, որ «ՊՈսՖՔպ վպՍցՊՈ». և՛ միջազգային հանրությանը, և՛ սեփական ժողովրդին խաբելու բոլոր տարբերակները նրանց համար պրակտիկորեն վերացել են:
-Վարդան, եթե անկեղծ, ապա ես Ձեզ ահագին լուրջ եմ վերաբերվում, որովհետև տիեզերաբանությունն ինձ համար ևս սրբություն սրբոց է: Բայց, այնուհանդերձ, Ձեր ասածները կրկին «մի քիչ» ուտոպիկ, եթե չասենք` ռոմանտիկ են: Բա որ երեք նախագահները չհամաձայնե՞ն, որ էդ Դո՛ւք եք:
-Չեն կարող: Դա տիեզերքից է իջնում, և ինչ-որ մեկը ողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Եվ եթե ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը և ասում, որ հայոց «Սասնա ծռեր» էպոսի օրենքներով հնարավոր է Փոքր Մհերին բերել իշխանության, էդտեղ ուտոպիա կա՞, Կարմե՛ն:
-Չէ, ես ուտոպիկ եմ համարում երեք նախագահների «համաձայնությունը» Ձեր շուրջ:
-Էդտեղ էլ ուտոպիկ ոչինչ չկա: Դա կլինի անպայմա՛ն: Դրա համար էլ ոչ թե Կարմեն Դավթյանն է իր թեկնածությունն առաջադրել, այլ Վարդան Սեդրակյանը, որը գիտի ուղիները: Ես գիտեմ` որտեղից եմ գալիս, ինչ նպատակ ունեմ և ինչպես պետք է հասնեմ իմ նպատակին:
-Վարդան, Դուք աստրալից հասկացող և այդ վիճակներին տիրապետող տեսակ եք, կիրառելո՞ւ եք նման «մարտավարություն»:
-Աստրալ վիճակներին տիրապետելն ու կիրառելը, ժամանակակից լեզվաբանությամբ ասած, «սև մոգություն» են: Որպես գաղափարախոսություն, եթե դու վերցնում ես էպոսը, դու իրավիճակներ չես թելադրում և կամ պարտադրում, էպոսն իր ճանապարհը գիտի և կբացի:
-Բայց, Վարդան, էպոսից բարձր բաներ կան` քրիստոնեությունը և Հիսուսը:
-Չկան, ո՞վ է ասում:
-Չե՞ք վախենում տիեզերքից` էդ մտքերի համար:
-Բացարձա՛կ:
-Հիսուսն է ալֆան ու օմեգան:
-Ո՞վ է ասում:
-Աստվածաշունչը: Գրքերի գիրքը։
-Նախադասության հեղինակ կա՞, թե՞ ոչ:
-Այն ստեղծվել է ոչ թե մարդու, այլ Աստծու շնչով:
-Էպոսը մեր հայաթի կատվի շնչո՞վ է ստեղծվել, ստեղծվել է կապիկների շնչո՞վ. աշխարհի բոլոր կրոնները Աստծո շնչով ստեղծված են. էս հիշեք մեկընդմիշտ: «Սասնա ծռերը» հինգ հազար տարեկան է, շատ ավելի հին է, քան քրիստոնեությունը: Միհրը ևս Աստծո որդի էր. արդարության խորհրդանիշ, Քրիստոսը, Միհրը, դրանք բոլորը հավասար «տղերք» են։
-Հիսուսն է դուռը, ճշմարտությունը և ճանապարհը:
-Դա քո՞ կարծիքն է:
-Ո՛չ, դա Աստծո շունչն է, որն ընդունել է էպոս ստեղծած իմ ժողովուրդը` առաջինը քրիստոնեություն ընդունած ազգը։ Գիտեք, ժամանակներ առաջ ես քաղաքապետ Վանո Սիրադեղյանի հետ հարցազրույց էի արել, որտեղ նա ասել էր, որ Աստված չկա (մեղա- հեղ.). քառասուն օր հետո իրենք իշխանությունը տվեցին: Էդ նաև առիթ դարձավ, որ Վանոն դառնա դեպի Աստված. մեր հետագա հարցազրույցներում դա նույնպես զգացվում էր. ես, չգիտեմ ինչու, դեժավյու ապրեցի քեզ հետ այս զրույցի ընթացքում:
-Իսկ դու գիտե՞ս, թե քարոզարշավի իմ կարգախոսը որն է. «Վերևում Աստված կա». Մարկեսի «Հարյուր տարվա մենությունից» է վերցված. հիշո՞ւմ ես. իրենց ողջ գյուղը կորցնում է հիշողությունը, ու որպեսզի հիշեն, գրում էին` ձի է, կով է, սար է, և ապա` վերևում Աստված է:
Դու ինձ ասում ես, որ երեք նախագահների «համաձայնությունն» ուտոպիա է: Ես չեմ եկել իրենց դեմ պայքարելու: Բացարձակապե՛ս: Ես եկել եմ երեք նախագահներին հիշեցնելու, որ ինչ անում եք հիմա, պատասխան եք տալու «վերևում»` բարձր ատյաններում, որովհետև 91-ից մինչև այսօր այդ իրենք` երեքն են դրել իրենց աջը քո սիրած Աստվածաշնչի վրա և երդվել ժողովրդի առաջ` ժողովրդի ու երկրի համար:


Զրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 31830

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ